Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակը մասնակցեց Տիրանայի, Դուրրեսի և ամբողջ Ալբանիայի արքեպիսկոպոս Ն.Ս.Տ.Տ. Անաստասիոսի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությանը
Հունվարի 29-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը մեկնեց Ալբանիա՝ Տիրանայի, Դուրրեսի և ամբողջ Ալբանիայի արքեպիսկոպոս Ն.Ս.Տ.Տ. Անաստասիոսի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Արարողությունը տեղի ունեցավ հունվարի 30-ին, Տիրանայի Քրիստոսի Հարության տաճարում։
Թաղման արարողությունը նախագահում էր Կ․Պոլսի Տիեզերական պատրիարք Նորին Սրբություն Բարդուդիմէոսը, մասնակցում էին Հունահայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Խորեն եպս․ Առաքելյանը, Ալեքսանդրիոյ և համայն Աֆրիկայի հունաց պատրիարք Թէոդորոս Բ-ը, Երուսաղեմի Հունաց Պատրիարք Նորին Ամենապատվություն Թեոփիլոս Գ-ը, Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Նորին Սրբություն Դանիիլը, Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետ Գեորգե Արք. Փափաքրիսոսթոմուին, Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Իերոնիմոսը, Ռումին Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչ, Թըրգովիշտեի արքեպիսկոպոս Նիֆոնը, ուղղափառ պատրիարքների ներկայցուցիչներ, մետրոպոլիտներ ևարքեպիսկոպոսներ, Վատիկանի ներկայացուցիչներ, հոգևորականներ, վանականներ, Հունաստանի վարչապետ տիար Միցոտակիսը, Ալբանիայի նախագահ Պաժրամ Պեկայը և վարչապետ Էդի Ռաման, քաղաքական գործիչներ և մարդկանց մեծ բազմություն, որոնք եկել էին հարգանքի տուրքը մատուցելու նվիրյալ առաջնորդի, ով իր կյանքը նվիրեց ուղղափառության վերածննդին և զարգացմանը Ալբանիայում և ամբողջ աշխարհում:
Տաթև Սրբազանն Ամենայն Հայոց կաթողիկոսի անունից ցավակցություններ փոխանցեց Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցուն, Սուրբ Սինոդին, հոգևորականաց և հավատացյալներին՝ շեշտադրելով, որ ուղղափառ աշխարհը հրաժեշտ տվեց մեծագույն առաջնորդի և մի մարդու, որով պիտի ոգեշնչվեն հետագա սերունդները: Հուղարկավորությունից հետո Տաթև Սրբազանը զրույցներ և կարճատև հանդիպումներ ունեցավ տարբերի եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների հետ՝ խոսելով ժամանակակից աշխարհում եկեղեցիների առջև ծառացած արդի մարտահրավերների մասին, ինչպես նաև բարձրաձայնելով Արցախի հոգևոր և պատմա-մշակութային ժառանգության պահպանման, գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի թեմաները։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան
